ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Կավելանա՞ն հավաքագրվող հարկերը, թե՞ կնվազեն

Կավելանա՞ն հավաքագրվող հարկերը, թե՞ կնվազեն
17.10.2008 | 00:00

ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐ
Հայաստանում վերջին շրջանում իրականացվող հարկային բարեփոխումների վերաբերյալ հասարակության և պետության կարծիքներն էականորեն տարբերվում են իրարից, և դա բնական է։ Մի կողմից պետությունը խնդիր ունի ապահովելու անհրաժեշտ հավաքագրվող հարկերի չափը, մյուս կողմից` հասարակությունը, մասնավորապես նրա գործարար շերտը, ձգտում է հնարավորինս քիչ հարկեր մուծել:
Պարզ է, ցանկացած զարգացած և զարգացող երկրում տնտեսության հիմնական շարժիչ ուժը փոքր և միջին բիզնեսն է, որը Հայաստանում ոչ մի կերպ դեռևս չի կարողանում ամրապնդվել և իր լուրջ խոսքն ասել մասնավորապես արտադրական ոլորտում: Ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում գրանցված 150 հազար տնտեսավարողներից, այսպես թե այնպես, ակտիվ գործունեություն է ծավալում կեսը, հիմնականում՝ մանր ու միջին գործարարները: Զարգացած երկրներում, ինչպիսիք են ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան, ՀՆԱ-ի 70-80 տոկոսը տալիս են հենց այդ բիզնեսի ներկայացուցիչները: Այսինքն՝ այնտեղ հնարավորություն է ընձեռվել մարդկանց մի մեծ շերտի՝ ակտիվ մասնակցել տնտեսական կյանքին, արարել իրենց բարեկեցությունը և ապահովել հարկային մուծումները: Սակայն այս շերտի վերջնական կայացման համար զարգացած երկրներում հարկային օրենսդրությունը, չնայած ամբողջ խստությանը, այնպես չի ճնշում մանր և փոքր բիզնեսի ներկայացուցիչների գործունեությունը, ինչպես Հայաստանում:
Վերջերս միջին և փոքր բիզնեսի զարգացման վրա սկսել են հատուկ ուշադրություն դարձնել նաև ԱՊՀ երկրներում, քանի որ առանց այս շերտի կայացման անհնար է խոսել երկրի տնտեսապես կայացվածության և առաջընթացի մասին: Մասնավորապես, վերջերս Ռուսաստանի Պետական դուման հավանության արժանացրեց կառավարության ներկայացրած և Դումայում փոփոխությունների ենթարկված հարկային բարեփոխումների այն փաթեթը, որով գործունեության բավականին լիբերալ պայմաններ են ստեղծվում հատկապես մանր ու միջին գործարարների համար: Բացի պարզեցված կերպով գործունեության իրավունք ստանալուց, նաև միջին և փոքր գործարարության վրա էապես նվազեցվում է հարկային ծանրաբեռնվածությունը: Եվ հատկանշական է այն, որ այդպիսի բիզնեսի ներկայացուցիչների մոտ, եթե հարկային մարմինները չեն տիրապետում լուրջ խախտումների վերաբերյալ հստակ ինֆորմացիայի, ստուգումներն անցկացվելու են 3 տարին մեկ: Ինչ խոսք, սա մի կողմից ազատ շնչելու հնարավորություն է ընձեռում ռուսաստանցի փոքր ու միջին գործարարներին և միաժամանակ նրանց ստիպում հնարավորինս խուսափել հարկերը թաքցնելուց, քանի որ այդ պարագայում տույժերն ու տուգանքներն այնպիսին են, որ գործարարին կստիպեն մաքուր աշխատել: Այսինքն՝ պետությունը մի կողմից հեշտացնում է բիզնեսի վարման ընթացակարգերը, միաժամանակ ուժեղացնում հնարավոր խախտումների դեմ պայքարը:
Այժմ անդրադառնանք Հայաստանին: ՀԴՄ-ների տեղադրման մասին խոսակցությունները Հայաստանում արդեն ընթանում են 7 տարի: Սակայն, չգիտես ինչու, կառավարությունը, տարբեր ժամանակներում տեղի տալով այս կամ այն հակազդեցությանը, երկարացնում էր դրանց լիարժեք օգտագործման ժամանակահատվածը: Եվ այս տարի, պարզեցված հարկի վերացումից հետո, կառավարությունը հայտարարեց, որ այդ հարկատեսակից ավելի շատ օգտվում էր մեծ բիզնեսը, որը մասնատել էր իր չափաբաժինները և փաստացի հարկ չէր մուծում, ինչպես իրական փոքր և միջին բիզնեսը: Զարմանալի է մի բան. եթե այդքան ժամանակ տեղյակ էին դրա մասին, ապա ինչո՞ւ համապատասխան գործողություններ չէին ձեռնարկում, քանի որ այս պարագայում խոշոր բիզնեսը փաստացի չնչին հարկեր էր մուծում պետական բյուջե: Իսկ եթե գիտեին, ապա այստեղից էլ առաջանում էր ստվերային տնտեսության այն մասը, որը մինչ օրս էլ Հայաստանում զգալի չափերի է հասնում: Համենայն դեպս, պարզեցված հարկի վերացումից հետո Հայաստանում հավաքագրվող հարկերի նվազում է արձանագրվել, և դեռ պարզ չէ, թե արդյոք ՀԴՄ-ների տեղադրումից հետո տեղի կունենա հավաքագրվող հարկերի ավելացո՞ւմ, թե՞ կգրանցվի հակառակը:
Ատոմ ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 9802

Մեկնաբանություններ